ՆՈՒՌ ծրագիրը ընդլայնում է իր տարածքները

06/12/2016
Հեղինակ: Rafael Aramyan
Կատեգորիաներ: Նորություներ

2016թ. հոկտեմբերի 3-ից 8-ը Արցախի սահմանամերձ մի շարք գյուղերի դպրոցների տարրական դասարանների աշակերտներ դարձան ՆՈՒՌ «ընտանիքի անդամներ»:
Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի դպրոցի ավելի քան 126 աշակերտներ ստացան XO տիպի համակարգիչներ: Դպրոցի տնօրենի և ուսուցիչների խոսքերով այն մեծ ոգևորություն էր առաջացրել աշակերտների շրջանում: Համակարգիչների հնարավորությունները թույլ կտան թե՛ աշակերտներին և թե՛ ուսուցիչներին ինչ-որ չափով հետևելու ժամանակակից տեխնոլոգիական աշխարհի զարգացումներին և հնարավորինս փորձելու սեփական հնարավորություններն ու կարողությունները ներդնելու այդ գործում:
Անմասն չմնացին նաև Մարտակերտի շրջանի Վանք (97 համակարգիչ), Նոր Սեյսուլան (42 համակարգիչ), Ասկերանի շրջանի Ուղտասար (43 համակարգիչ), Մարտունու շրջանի Հացի (17 համակարգիչ), Հադրութի շրջանի Ուղտաձոր (33 համակարգիչ) և Մեծ Թաղլար (92 համակարգիչ) գյուղական համայնքների դպրոցների տարրական դասարանների աշակերտները:
Ուրախությունը մեծ էր աշակերտների շրջանում, որոնց աչքերի փայլը ապացույցն էր գոհունակության և ծրագրի նպատակների իրականացման:
Համակարգիչների բաժանմանը զուգընթաց կազմակերպվեցին նաև դասընթացներ, որոնց ժամանակ աշակերտներն ու ուսուցիչները ծանոթացան ոչ միայն համակարգչի կառուցվածքին և ծրագրերին, այլև տեղում աշակերտները կատարեցին մի քանի աշխատանքներ, որոնք սկիզբ դրեցին նրանց ստեղծագործական մտքի և կարողությունների արտահայտմանը: