«ՆՈՒՌ» ծրագիրը Արցախի աշակերտներին կտրամադրի նոր համակարգիչներ

15/01/2016
Հեղինակ: nurarmenia
Կատեգորիաներ: Նորություներ

Նոր ուսումնական ռազմավարություն («ՆՈւՌ») ծրագիրը երեք ուսումնական տարվա ընթացքում տարրական դասարանցիներին (I – IV) Արցախում ընդհանուր առմամբ բաժանել է 6300 (XO –տիպի) համակարգիչներ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Նուռ» ծրագրի Արցախի պատասխանատու Մարգարիտա Գրիգորյանը նշել է, որ անցած տարի ծրագիրը թևակոխել է նոր փուլ՝ Ստեփանակերտի և Շուշիի դպրոցների 6-րդ դասարանցիներին տրամադրելով 900 հատ «Classmate» տիպի դյուրակիր համակարգիչներ։

«Մինչև այս ուսումնական տարվա վերջը 6-րդ դասարանի աշակերտներին կտրամադրվեն ևս 1300 հատ համակարգիչներ՝ ընգրկելով նաև շրջկենտրոնների դպրոցների աշակերտներին: Համակարգիչերի բաժանման գործընթացը սկսված է Քարվաճառի և Մարտակերտի դպրոցներից,-ասել է Մ. Գրիգորյանը և հավելել,- «ՆՈՒՌ»–ը ցանկանում է աշակերտներին ապահովել «Classmate»-ներով, որոնց օգնությամբ ի հայտ կգան ու կբացահայտվեն սովորողների թաքնված կարողությունները: Ի դեպ, համակարգիչները չափազանց էժան են, հզոր, ամուր, դիմացկուն, քիչ էներգիա օգտագործող»:

Մ. Գրիգորյանի խոսքով՝ «ՆՈւՌ»-ի նպատակը կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստումն է, որպեսզի ուսուցիչները համակարգիչներով դասարաններում կարողանան կիրառել մանկավարժական նորանոր մեթոդներ: Դյուրակիր համակարգիչները միաժամանակ պատուհան են դեպի արտաքին աշխարհ, և միջոց՝ աշակերտների միտքը զարգացնելու համար: Համակարգիչը օգնում է հետազոտելու, փոխգործակցելու և ինքնուրույն սովորելով սովորելուն:

«Intel Classmate («մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխայի») ծրագիրը նոր սերնդի ամբողջական կրթական համակարգ է, որի օգտագործման և ճիշտ կազմակերպման դեպքում հեշտանում է կրթական նյութերի ընկալումը, անհատականացում ուսուցումը, աշակերտներին սովորեցնում խմբերով աշխատել: Փաստորեն, համակարգիչների օգնությամբ նախապատրաստում ենք աշակերտներին՝ դառնալու ժամանակակից տեխնիկայի պահանջներին տիրապետող ժամանակի լիիրավ անդամ»,- մանրամասնլ է Մ. Գրիգորյանը:

«ՆՈւՌ» ծրագրի միտքը հղացել է Էդուարդո Էռնեկյանի կողմից՝ հիմք ընդունելով «մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխայի» կարգախոսը: ՄՀՅԵ-ն կրթական ծրագիր է, որը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում և կիրառվում է աշխարհի շատ երկրներում: Ծրագիրը հայերենում կոչվեց «Նոր ուսումնական ռազմավարություն»` «ՆՈւՌ» հապավումով:

Այն 2011 թվականից Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրականացվում է «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի կողմից՝ Արցախի կառավարության և Հայ բարեգործական ընդհանուր Միության (ՀԲԸՄ) hամագործակցությամբ:

 

Տես՝ artsakhpress.am